ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Ազգային պատկերասրահի թանգարանային կրթության բաժինը նախագծում, կազմակերպում և իրականցում է թեմատիկ ինտերակտիվ կրթական ծրագրեր՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար, ինչպես նաև պարբերական այցերի համար նախատեսված սեզոնային դպրոցներ, դասախոսություններ, առցանց հարթակում կազմակերպվող վիկտորինաներ ու մրցույթներ։
Ծրագրերին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով
+(374) 96 86 96 44
հեռախոսահամարով:


ՔԱՆԴԱԿԻ ԼԵԶՈՒՆ

Ովքեր՝ 6-12 տարեկան երեխաներ, խումբը – 8-18 հոգի, տևողությունը - 40 րոպե

«Քանդակի լեզուն» կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր և միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու հատվածից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Առաջին հատվածում մասնակիցներին տրվում է հակիրճ տեղեկություն Հայաստանի ազգային պատկերասրահի, թանգարանային վարվեցողության կանոնների մասին: Ծանոթանում են Հակոբ Գյուրջյանի կյանքին և գործունեությանը, քանդակ հասկացությանը, քանդակի տեսակներին, նյութերին, ժանրերին, որից հետո երեխաներին հնարավորություն է տրվում հատուկ ձեռնոցներով շոշափելու որոշ քանդակներ: Ստեղծագործական հատվածում մասնակիցներին տրամադրվում են նկարչական պարագաներ իրենց նախընտրած քանդակը նկարելու համար: Ծրագրի վերջում երեխաներն իրենց նկարներով կազմում են «Պատկերագիրք»:

ԺԱՆՐԵՐ, ԹԵՄԱՆԵՐ, ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

Ովքեր՝ 6-10 տարեկան երեխաներ, խումբը – 8-18 հոգի, տևողությունը - 40 րոպե

Ծրագիրը նախատեսված է կրտսեր դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Առաջին հատվածում մասնակիցներին տրվում է ընդհանուր տեղեկություն կերպարվեստի տեսակների, գեղանկարչության ուղղությունների և տվյալ սրահում ներկայացված հեղինակների մասին: Երեխաները ծանոթանում են կերպարվեստի ժանրերին, որից հետո մասնագետի ուղեկցությամբ շրջում են սրահներում՝ ամրապնդելով ստացած գիտելիքները: Ծրագրի երկրորդ հատվածում մասնակիցներին տրամադրվում են նկարչական պարագաներ իրենց նախընտրած ժանրում ստեղծագործելու համար:

ԻՄ ԿՈՄԻՏԱՍԸ

Ովքեր՝ 10-14 տարեկան երեխաներ, խումբը – 8-18 հոգի, տևողությունը - 50 րոպե

«Իմ Կոմիտասը» կրթական ծրագիրը բաղկացած է երեք հատվածից և նախատեսված է միջին դպրոցահասակ երեխաների համար: Առաջին՝ տեղեկատվական մասում, մասնակիցները ծանոթանում են Կոմիտաս Վարդապետի՝ երաժշտի, փիլիսոփայի, մանկավարժի, բանաստեղծի և մեծ հայրենասերի հավաքական կերպարին, ներկայացվում են Կոմիտասին բնորոշ կամ իր առօրյայի մաս կազմող խորհրդանշական առարկաներ: Այնուհետև, խաղային հատվածում երեխաները մասնակցում են «Գուշակիր երաժշտական գործիքը» ինտերակտիվ խաղին: Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցներին տրամադրվում են անհրաժեշտ պարագաներ կոմիտասյան երաժշտության ներքո «իրենց Կոմիտասին» պատկերելու համար:

ԶԱՐԴԱՆԽՇ. ՀԵՔԻԱԹ

Ովքեր՝ 6-10 տարեկան երեխաներ, խումբը – 8-18 հոգի, տևողությունը - 45 րոպե

«Զարդանախշ. Հեքիաթ» ինտերակտիվ կրթական ծրագիրը բաղկացած է երեք մասից և նախատեսված է կրտսեր դպրոցահասակ երեխաների համար: Ծրագրի առաջին հատվածում մասնակիցները ծանոթանում են գրքային պատկերազարդումներին, հայկական զարդանախշերին, ինչպես նաև հայ վարպետների գրաֆիկական աշխատանքներին: Ծրագրի երկրորդ մասում մասնակիցներին ներկայացվում է նախապես ընտրված որևէ հեքիաթ, այնուհետև հաջորդում է ստեղծագործական հատվածը, որի ընթացքում մասնակիցները ներկում են տվյալ հեքիաթի նկարազարդումները:

ԳՐՔԱՐՎԵՍՏ

Ովքեր՝ 10-14 տարեկան երեխաներ, խումբը – 8-18 հոգի, տևողությունը - 50 րոպե

«Գրքարվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է տեսական, խաղային և գործնական մասերից: Առաջին մասում՝ տեղեկատվական հատվածում, մասնակիցները ծանոթանում են գրքի պատմությանը, տեսակներին, կառուցվածքին, որից հետո անդրադարձ է արվում հայ վարպետների գրքային պատկերազարդումներին: Ստացած տեղեկությունն ամփոփելու համար երեխաները բաժանվում են խմբերի և մասնակցում վիկտորինայի: Այնուհետև, գործնական-ստեղծագործական հատվածում երեխաները կատարում են խմբային աշխատանք՝ կիրառելով ձեռքբերված գիտելիքները: Խմբերին տրամադրվում են անհրաժեշտ պարագաներ իրենց ձեռքով պատկերազարդ գիրք պատրաստելու համար:

  • Ереван, Армения
ДАННЫЙ САЙТ БЫЛ СОЗДАН, ИСПОЛЬЗУЯ